Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

«Կինոն ռազմավարական հզոր զենք է»-4

«Կինոն ռազմավարական հզոր զենք է»-4
01.07.2026 | 20:19

Սկիզբը՝ այստեղ

(կամ՝ Էկրանային «սրբերն» ու պատմական մարդակերները)

Իզուր չէ, որ այս շարքը վերտառեցի կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի մարգարեական խոսքերով, որոնք ոչ միայն հանճարեղ էին, այլև ձևակերպում էին ազգային անվտանգության հստակ բանաձև, ինչը, ցավոք, տասնամյակներ շարունակ Հայաստանն այդպես էլ անտեսեց, իսկ Թուրքիան դարձրեց իր արտաքին քաղաքականության հիմնասյունը։

Երբ Երզնկյանն ասում էր՝ «Կինոն ռազմավարական հզոր զենք է», նա հիանալի հասկանում էր կինեմատոգրաֆիայի՝ մարդկանց ենթագիտակցության, հավաքական հիշողության և աշխարհայացքի վրա թողած բացարձակ ազդեցությունը։

Թուրքական TRT-ի պատմական սերիալների ֆենոմենը և դրանց այսօրվա քաղաքական հետևանքները (ներառյալ գիշերով ափալ-թափալ իրեն վարչապետ կարգածի՝ 2026-ի հունիսի 29-ի թրքահաճ արձագանքը) լավագույնս են ապացուցում մեծ կինոռեժիսորի խոսքերի վավերականությունը։

Թուրքիան ճիշտ ժամանակին որսաց այն, ինչի մասին զգուշացնում էր Երզնկյանը՝ պատերազմները նախ հաղթում են էկրաններին, հետո նոր՝ մարտի դաշտում։

«Արթնացում․ Մեծ Սելջուկներ»-ը, «Ալփ-Արսլան․ Մեծ սելջուկներ»-ը, «Հարություն․Էրթուղրուլ»-ը, «Հիմնադրում․ Օսման»-ը, «Մայրաքաղաք․ Աբդուլ Համիդ»-ը և այդ շարքի մյուս ագրեսիվ, նվաճողական «հեքիաթները» թուրքական «Բայրաքթարների» և հրթիռների մշակութային նախատիպերն են։

Դրանք ի սկզբանե ջարդում են թիրախում հայտնված ժողովրդի դիմադրողականությունը, հոգեբանորեն ստիպում հաշտվել սեփական պարտության ու կապիտուլյացիայի հետ, իսկ իրական կյանքում արդեն հանձնվել ծնկած ու գլխահակ։

Եվ այսպես՝ «զենքայնացում»։

Կարծում եք՝ վախի ու բացահայտ քծնանքի շաղախով հրամցված տերմինը պատահակա՞ն է նետվում հայկական քաղաքական բառապաշար։

Կամ, ինչպես պնդում են ոմանք՝ անգլերեն weaponization բառի արհեստական պատճենու՞մն է։

Ո՛չ մեկն է, և ո՛չ էլ մյուսը։

ՈՒրե՞մն․․․

Հարցի պատասխանը պետք է փնտրել թուրքական TRT մեդիակայսրության պատմական սերիալների, մասնավորապես՝ «Մայրաքաղաք․ Աբդուլ Համիդ»-ի կոդերի համատեքստում։

Հիշյալ սերիալը հայտնի է իր ընդգծված գաղափարականացվածությամբ, որտեղ արդարացվում են «Կարմիր սուլթանի» բոլոր վայրագությունները (այդ թվում՝ Համիդյան կոտորածները)՝ դրանք ներկայացնելով որպես «արտաքին ուժերի զենքերից պետության պաշտպանություն»։

Երբ «կարդում» ենք դրանց թաքնագիրը, պարզվում է ինքնահռչակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն կրկնում է պաշտոնական Անկարայի դարավոր թեզերը։

Բացենք «զենքայնացում» բառի կոդը թուրքական նեոօսմանյան «պատմական» կոչվող հեքիաթների պրիզմայով։

«Մայրաքաղաք․ Աբդուլ Համիդ» սերիալի ողջ տրամաբանությունն այն է, որ Արևմուտքը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) և Ռուսաստանը երբեք չեն մտահոգվել հայերի իրավունքներով։

Ըստ սերիալի՝ նրանք հայկական կոտորածների թեման և «Հայկական հարցն» օգտագործել են որպես քաղաքական զենք՝ Օսմանյան կայսրությունը ճնշելու, շանտաժի ենթարկելու և մասնատելու նպատակով։

Փաշինյանի պնդումը, թե «Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից», ամբողջությամբ համընկնում է այս կոդի գաղտնագրին։

Նա Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը, և ընդհանրապես Ցեղասպանության միջազգային ճանաչման ողջ գործընթացը, չի դիտարկում որպես պատմական արդարության կամ իրավունքի հարց, այլ աշխարհաքաղաքական շախմատային «խաղատախտակին» Թուրքիայի դեմ կիրառվող «օտար զենք»։

Սերիալում Աբդուլ Համիդը պատժում կամ տնտեսապես ոչնչացնում է բոլոր այն օտարերկրյա գործակալներին կամ տեղական հպատակներին, ովքեր համարձակվում են բարձրացնել հայկական կոտորածների հարցը։ Սուլթանի ուղերձն է․

«Եթե դուք այդ հարցը դարձնում եք զենք իմ դեմ, ես կոչնչացնեմ ձեզ»։

Օգտագործելով բառի գոյություն չունեցող «զենքայնացում» ձևը՝ Պիղատոսի կերպարի մեջ լավ տեղավորված Փաշինյանը փորձում է արդարացնել իր իսկ կրավորականությունը։

Հստակ է և «զենքայնացման» ուղերձը՝ եթե Հայաստանը ողջունի Իսրայելի քայլը կամ ակտիվորեն խոսի Ցեղասպանությունից, ապա Էրդողան-Ալիև դուետն այդ ամենը կընկալի որպես «հարձակում» իրենց ինքնության և Թուրքիայի խմբագրված-սրբագրված այն կերպարի դեմ, որն աշխարհին է ներկայացնում TRT մեդիաարտադրանքը։

Փաշինյանը, ըստ էության, վախի մթնոլորտ սերմանելով, հանրությանը հրամցնում է թուրքական սերիալների այն թեզը, որ հայկական պահանջատիրությունը վտանգավոր «զենք» է ուղղված մեր «բարի», «ավանդապաշտ», «ժողովրդավարության բաստիոն» Թուրքիայի դեմ։

Արյունոտ Համիդի մասին պատմող կեղծիքում հայերը սեփական կամք չունեն. նրանք կա՛մ հլու-հնազանդ հպատակներ են, կա՛մ դրսի ուժերի կույր գործիքներ՝ զենքեր։

Փաշինյանը, Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունն անվանելով «զենքայնացում», Հայաստանին և հայ ժողովրդին զրկում է պատմական սուբյեկտայնությունից։ Նա, ըստ էության, ընդունում է թուրքական վարկածը՝ հայկական պահանջատիրությունը սեփական արդար դատ չէ, այլ ընդամենը աշխարհաքաղաքական կենտրոնների, մասնավորապես՝ Իսրայելի ձեռքին հարմար գործիք՝ Թուրքիայի դեմ կիրառելու համար»։

TRT-ի «պատմական» սերիալներում ու ֆիլմերում Օսմանյան պետությունը միշտ «զոհի» կարգավիճակում է, որին բոլորը ցանկանում են հարվածել՝ որպես «զենք» օգտագործելով հայերին։

Երբ ՀՀ ինքնահռչակ ղեկավարն օգտագործում է այդ կոդ-տերմինը, նա անուղղակիորեն մեղքի բաժինը տեղափոխում է զոհի և նրան աջակցողների վրա։ Իմա՝ մեղավոր է ոչ թե ցեղասպանություն իրականացրած կամ այն ժխտող Թուրքիան, այլ հենց նա, ով այդ թեման «զենքայնացնում» է Թուրքիայի դեմ։

Ստացվում է՝ «զենքայնացում» բառի ներմուծումը հայկական քաղաքական դիսկուրս ամենևին էլ պատահական չէ։ Այն թուրքական պետական քարոզչության հերթական հաղթանակն է՝ այս անգամ արդեն Հայաստանի ներսից և պետության ղեկավարի ձեռամբ։

Փաշինյանի «զենքայնացում»-ը TRT-ի հակահայկական սերիալներում տեղ գտած «թուրքական պատմական վախերի և արդարացումների» ուղղակի պատճենումն է։ Դրանով ՀՀ իշխանությունը փորձում է հայ հանրությանը համոզել, որ սեփական պատմությունից ու իրավունքներից հրաժարվելը «անվտանգության» միակ երաշխիքն է, ինչը լիովին տեղավորվում է Անկարայի և Բաքվի նեոօսմանյան ռազմավարության մեջ։

Սակայն թող տպավորություն չստեղծվի, թե TRT-ի պսևդոպատմական սերիալները կանխագուշակելու կամ մարգարեանալու կարողություն ունեն։

Ամենևի՛ն։ Այն, ինչ այսօր թվում է կանխատեսում, իրականում քաղաքական ծրագրավորման, ռազմավարական պլանավորման և նպատակաուղղված գաղափարախոսության արդյունք է։

Որքան էլ անհավատալի թվա, TRT-ի «պատմական» սերիալները ապագան ձևավորող ռազմավարական հզոր գործիքներ են, որոնք տարիներ շարունակ ճարտարապետական այնպիսի ճշգրտությամբ են կառուցել ապագայի, և, ցավոք, հայերիս այսօրվա գաղափարական միջավայրը, որտեղ Թուրքիայի հասարակությունը, Ադրբեջանը և, որքան էլ ցավալի է, Հայաստանի ներկայիս վարչակազմը գործում են հենց Անկարայի պատվերով ու անմիջական հսկողությամբ գծված սահմաններում։

Այդ սերիալները ճշգրիտ հաշվարկված ու ապագային միտված կոդ-համակարգեր են, որտեղ անցյալի կերպարների շուրթերով հնչում են Թուրքիայի ժամանակակից արտաքին քաղաքականության թեզերը։

Սցենարները գրվում են Անկարայի պետական վերլուծական կենտրոնների և իշխող կուսակցության, այն է՝ թուրքական «разлив»-ի ՔՊ-ի, գաղափարական ուղեցույցներով։ Դրանք ամենայն ճշգրտությամբ ձևավորում են այն վարքագիծը, որով Թուրքիան պետք է գործի աշխարհաքաղաքական հնարավոր ճգնաժամերի տեղապտույտում։

Թուրքիայի պետական ապարատի վախերը, հավակնությունները և թշնամիների ընկալումը (Հայկական հարց, Արևմուտքի դավադրություններ, կայսրության մասնատման վախ) չեն փոխվել ո՛չ Աբդուլ Համիդի օրոք, ո՛չ Քեմալական շրջանում, ո՛չ էլ էրդողանական ներկայում։

Սերիալները պարզապես վերարտադրում են թուրքական դիվանագիտության դասական մատրիցան։ Երբ այսօր տեղի է ունենում մի իրադարձություն (օրինակ՝ Իսրայելի քայլը կամ ՀՀ իշխանության արձագանքը), այն բնականոն կերպով տեղավորվում է այդ դարավոր մատրիցայի մեջ, ինչը ստեղծում է նաև «կանխագուշակման» պատրանք։

«Մայրաքաղաք․Աբդուլ Համիդ»-ում հորինված հայ-սիոնիստական դաշինքի կեղծ կոդն այսօր աշխատեցվում է իրական կյանքում, քանի որ Անկարային ձեռնտու է Իսրայելի քաղաքական քայլը ներկայացնել ոչ թե որպես պատմական ճշմարտության ընդունում, այլ որպես հակաթուրքական հերթական «դավադրություն»։

Տեղեկատվական տեսանկյունից թուրքական պատմական սերիալի կոդը հոգեբանական դիվերսիայի հստակ մշակված մեթոդոլոգիա է, որն այսօր՝ 2026 թվականի աշխարհաքաղաքական զարգացումների և Հայոց հարցի ներկա փուլի համատեքստում, աշխատում է առավելագույն արդյունավետությամբ։

Երբ մեդիա-կոդերը վերածվում են պետական որոշումների (ինչպես, օրինակ, ՀՀ իշխանությունների՝ «զենքայնացում» տերմինի որդեգրումը), սկսում է գործել «ռեֆլեքսիվ կառավարում» կոչված մեթոդը, ինչը տեղեկատվական պատերազմի ամենավտանգավոր զենքն է։

Նպատակն է թշնամուն կամ թիրախին հասցնել այնպիսի հոգեվիճակի, որ նա սեփական կամքով կայացնի հենց այն որոշումը, որը ձեռնտու է հենց Թուրքիային։

Ինչպե՞ս է դա արվում։

TRT-ի սերիալներով տարիներ շարունակ Թուրքիան հղում է նույն ուղերձը. «ով բարձրացնում է Հայոց հարցը, նա դառնում է կայսրության թշնամին, մենք նրան կպատժենք»։

Պատժվելու վախը որպես դանդաղ գործող ական ներարկվում է հայկական քաղաքական էլիտայի գիտակցության մեջ։

Եվ բախտորոշ պահին ՀՀ վարչակարգն ինքնակամ դրսևորում է հենց այդ «ռեֆլեքսիվ վարքագիծը»՝ սեփական հանրությանը հրամցնելով օտարի պարտադրած օրակարգը։

Իսրայելը Ցեղասպանության ճանաչման հարցն է ասպարեզ հանում, բայց Հայաստանն առաջնորդվում է ոչ թե իր պետական ու բարոյական շահով, այլ չխոսկան հարսին հատուկ «ամաչկոտ» լռությունից հետո անսպասելի բարձրաձայնում է Անկարայի նախապես ծրագրավորած որոշումը՝ ձեռքերը լվանալ և կատարվողը բնութագրել «զենքայնացում», որպեսզի հանկարծ «չբարկացնի» Թուրքիային։

Տեղեկատվական պատերազմում հաղթում է նա, ով թշնամուն ստիպում է խոսել սեփական տերմինաբանությամբ և բառապաշարով։

Նպատակն է ջնջել թիրախ հանդիսացող ազգի պատմական հիշողության բառարանը և այն փոխարինել ցեղասպանի ձևակերպումներով։

Ցեղասպանության ճանաչումը տասնամյակներ շարունակ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում գտնվել է «պատմական արդարության», «իրավունքի» և «մարդկության դեմ հանցագործության կանխարգելման» տիրույթում։

Օգտագործելով «զենքայնացում» տերմինը՝ ՀՀ գործող վարչակարգը կատարում է ամենավտանգանորը՝ սեմանտիկ՝ (իմաստային) դավաճանություն:

Հայոց հարցը դուրս է բերվում բարոյաիրավական հարթությունից ու տեղափոխվում «աշխարհաքաղաքական գործիքի» տիրույթ։

Սա հենց այն է, ինչ Անկարան փորձում էր ապացուցել 1915 թվականից ի վեր, ինչը և պատկերված է «Մայրաքաղաք․ Աբդուլ Համիդ»-ի յուրաքանչյուր դրվագում։

Արհեստականորեն որպես ծամոն հանրությանը նետված «զենքայնացում» տերմինով Փաշինյանը միանգամից, ինչպես կասեր Ավինյանը՝ «լոճեց» դեռևս 2018-ից իր իսկ բացած «Օվերտոնի պատուհանի» նախնական ճեղքը։

Հասարակության համար նախկինում անընդունելի, սրբապիղծ ու դավաճանական համարվող գաղափարները նա սահուն քայլերով դարձրեց ընդունելի ու իր վարած պետական քաղաքականության բաղկացուցիչ մաս։

Տարիներ շարունակ թուրքական սերիալների, թեկուզ և կենցաղային, տարածմամբ աննկատ կոտրեցին հայության միջավայրի ազգային-հոգեբանական պատնեշը։ Թուրքական ներկայությունը դարձավ սովորական սպառման առարկա։

Սերիալների միջոցով շրջանառվեց այն թյուր թեզը, թե «մենք էլ մեր մեղքն ունեինք, նաև դրսի ուժերն են մեզ դրդել»։

Հետո պետական մակարդակով «պատմական Հայաստանը» հակադրվեց «իրական Հայաստանին», ապա շրջանառվեց Ցեղասպանության զոհերի ցուցակագրման պիղծ գաղափարը, որին էլ հետևեց պահանջատիրությունից հրաժարվելու անպատիժ բարձրաձայնումը։

Այն, ինչ 20 տարի առաջ կթվար բացարձակ կապիտուլյացիա և մահապատժի արժանի դավաճանություն, այսօր մատուցվում է որպես «պրագմատիկ անվտանգային քաղաքականություն»։

ՊԱԿ-ի տեղեկատվական պատերազմների հայտնի մասնագետ Յուրի Բեզմենովի տեսության համաձայն՝ տեղեկատվական պատերազմի գլխավոր նպատակը թիրախ երկրի բարոյալքումն է, ինչը տևում է տարիներ և հանգեցնում է նրան, որ հասարակությունը կորցնում է կողմնորոշումը, դադարում է տարբերել ճշմարտությունը ստից, թշնամուն՝ բարեկամից։

Երբ TRT-ն սոցցանցերով հեղեղում է տիրույթը իր «պատումներով», իսկ հայաստանյան ներքին մեդիադաշտը չի ցուցադրում դրան հակազդող ուժեղ, ազգային-պետական բովանդակությամբ խտացած դիմադրություն, ժողովուրդը վերածվում է կաթվածահար զանգվածի։

Հանրությունը սթրեսի մեջ է՝ Իսրայելը ճանաչում է Ցեղասպանությունը, Թուրքիան կատաղում է, իսկ սեփական կառավարությունը լռում է կամ ժողովրդին մեղադրում «զենքայնացման» մեջ։

Իրավիճակ, որը հանգեցնում է բացարձակ հուսահատության և սեփական պետության ու դատի հանդեպ հավատի կորստի։

TRT-ի պատմական սերիալների կոդերն առաջնագիծը նախապատրաստող գաղտնագրեր են։ Դրանք նախ հաղթում են մարդկանց ուղեղներում, կոտրում են հոգեբանական դիմադրողականությունը, ստեղծում վախի և անվճռականության մթնոլորտ։

Իսկ երբ գալիս է իրական քաղաքական ճգնաժամի պահը, թիրախը՝ հայկական հանրույթը գործում է ճիշտ այնպես, ինչպես գրված ու ներկայացված են թուրքական նվաճողական սերիալների սցենարներում։

Երզնկյանական դպրոցի և հայկական դասական կինոյի ավանդույթներում կարևորագույն տեղ էր զբաղեցնում մնայուն, ուժեղ և պատմական կերպարների ստեղծումը, որոնք սերունդների համար ծառայում էին որպես հոգեբանական հենարան։

TRT-ն արեց հենց դա՝ վերցրեց իր պատմական կերպարներին, սրբագրեց նրանց հանցագործությունները և ստեղծեց գաղափարական պատնեշ։

Իսկ մենք այսօր կանգնած ենք մի իրականության առաջ, որտեղ սեփական պատմական կերպարներն ու սրբությունները պետական մակարդակով արժեզրկվում են՝ տեղի տալով թուրքական «հեքիաթների» պսևդոհերոսներին։

Յուրի Երզնկյանի բանաձևումը ոչ թե պարզապես գեղեցիկ միտք էր, այլ ռազմական դոկտրին, որը մենք, ցավոք, անտեսեցինք, այդպես էլ չկարդացինք ու տգետ մնացինք։

Եվ այսօր, երբ տեսնում ենք, թե ինչպես է մշակութային և տեղեկատվական պատերազմում պարտությունը վերածվում պետական կապիտուլյացիայի և սեփական Հայ Դատից հրաժարման, հասկանում ենք, թե հայկական պետականության համար որքա՜ն ճակատագրական եղավ կինոյի՝ որպես «ռազմավարական զենքի» անտեսումը։

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․

Информация к размышлению!

«Մայրաքաղաք․ Աբդուլ Համիդ» հեռուստասերիալը թողարկվել է 2017 թվականի փետրվարի 24-ին:

Ցուցադրությունը տևել է հինգ եթերաշրջան և ավարտվել 2021 թվականի հունիսի 4-ին:

TRT-ն հանդիսանում է գլխավոր արտադրողը (պրոդյուսերը), հեռարձակողը և հեղինակային իրավունքների տերը։

Սերիալի համար TRT-ն արտադրող ES Film ընկերությանը ընդհանուր առմամբ վճարել է 465,5 միլիոն թուրքական լիրա։

154 սերիաների թողարկման ընթացքում կատարված վճարումների միջինացված հանրագումարը կազմում է 85 միլիոն ԱՄՆ դոլար։

Սա թուրքական հեռուստատեսության պատմության թանկարժեք նախագծերից մեկն է։

Երկար ժամանակ TRT-ի տնօրինությունը հրաժարվում էր հայտնել ճշգրիտ թվերը՝ պատճառաբանելով, որ դա «կոմերցիոն գաղտնիք է» և հրապարակումը կխաթարի շուկայական մրցակցությունը։

Այս հսկայական ծախսերը Թուրքիայում լուրջ քննադատության արժանացան, քանի որ TRT-ն ֆինանսավորվում է հանրային միջոցներից, և շատերի կարծիքով՝ այդ գումարներն օգտագործվել էին իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության և նեոօսմանիզմի քարոզչության համար:

Դիտվել է՝ 483

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ